|
Ողջույնի խոսք
Հարգելի այցելուներ,
Ողջունում եմ Ձեզ մեր էլեկտրոնային կայքում: Հուսով եմ այն Ձեզ կօգնի ավելի հստակ պատկերացնելու մեր իրականացվող այն ծրագրերը, թեմաները և գաղափարները, որոնցով առաջնորդվում է Կանանց իրավունքները կենտրոնը:
Նախ, կցանկանայի հետադարձ հայացք գցել և ընթերցողի ուշադրությունը հրավիրել Հայաստանի կանանց շարժման պատմության, նրա ակունքների ու զարգացման նախադրյալների վրա: 1991 թ. մինչև օրս Հայաստանի կանանց ՀԿ-ները նշանակալի աշխատանք են կատարել կանանց դրության հիմնախնդրի վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորելու գործում: Բազմիցս անցկացվել են կանանց խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, հասարակական և խորհրդարանական լսումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները: Կանանց հասարակական կազմակերպություններն աշխատում են զանգվածային լրատվության միջոցների հետ` առաջ տանելով կանանց շահերը, նպաստում են ԶԼՄ-ներում գենդերային քաղաքականության ձևավորմանը: Հաճախ այդ կազմակերպությունները գործում են կանանց և երեխաների համար մատուցվող ծառայությունների ոլորտում` լրացնելով, երբեմն նաև լիովին ստանձնելով աշխատանքի այն հատվածը, որը պետք է ապահովվեր պետության կողմից: Ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է մոտ 60 կանանց հասարակական կազմակերպություն: Կարելի է առանձնացնել կանանց հասարակական կազմակերպությունների գործունեության մի քանի հիմնական ուղղություններ.
-
կանանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն, -
կանանց մասնակցություն որոշումների ընդունման գործընթացներին, -
կանանց և երեխաների պաշտպանություն բռնությունից, -
կանանց վերարտադրողական և սեռական առողջություն և իրավունք, -
ձեռնարկատիրության զարգացում կանանց շրջանում, -
կանանց և երեխաների սոցիալական պաշտպանություն, բարեգործություն: Սակայն յուրաքանչյուր կառույցի, այդ թվում և կանանց հասարակական կազմակերպությունների աշխատանքի և գոյատևման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Այդ պայմանների բացակայության պատճառով ոչ բոլոր գրանցված կազմակերպություններն են իրականում աշխատում, նրանցից շատերը գոյություն ունեն միայն թղթի վրա: Մի մասն էլ աշխատում է ժամանակ առ ժամանակ` կախված լինելով դրամաշնորհից, եթե այն հաջողվում է ստանալ: Երբեմն նրանք ստիպված են մասնակցել դրամաշնորհային մրցույթի ցանկացած թեմայով, միայն թե ինչ-որ չափով աշխատանքի աջակցություն ապահովեն: Կարևոր չէ անգամ, եթե մրցույթի թեման երբեմն չի համապատասխանում իրենց առաքելությանը: Եվ փաստորեն կանանց կազմակերպություններից քչերին է միայն հաջողվում հարատևել ու մնալ ասպարեզում: Հայաստանի կանանց շարժման հաջող զարգացման պակաս կարևոր խոչընդոտ չէ այն հանգամանքը, որ հասարակությունը դեռ բավականաչափ պատրաստ չէ հաղթահարելու գենդերային անհավասարությունը, հայրիշխանական կարծրատիպերի ազդեցությունը կին լիդերների քաղաքական ակտիվության վրա: Էական դեր են խաղում նաև բարոյական և ֆինանսական թույլ օժանդակությունը ընտրովի մարմիններում կանանց առաջ մղելու գործում և երբեմն հենց կանանց մասնագիտական թերի պատրաստակամությունը ակտիվ քաղաքական և հասարակական կյանքի համար:
Հաճախ հասարակական կազմակերպությունների լիդերները, զբաղված լինելով միջոցների որոնմամբ իրենց կազմակերպությունների, իսկ երբեմն և սեփական գոյատևման համար, միաժամանակ ոչ լիովին հասկանալով միավորման կարևորությունը կամ պարզապես անտեսելով մյուս կազմակերպություններին, այնքան էլ շահագրգռված չեն միավորման գաղափարներով: Վաղվա օրվա հանդեպ անվստահությունը և ֆինանսական միջոցների շարունակական որոնումները խլում են նրանց ժամանակի ու ջանքերի մեծ մասը և ցանկություն չեն թողնում ուրիշ կարգի գործունեության համար: Հետևաբար պատահական չէ, որ տակավին թույլ են նրանց կարողությունները, միավորվելու, միավորումներ ստեղծելու բոլոր փորձերը ձևական, հաճախ անկազմակերպ ու միանվագ բնույթ են ստանում: Եվ եթե ժամանակ առ ժամանակ այս կամ այն հիմախնդրին միասնական ուժերով ու արագ արձագանքելու նպատակով կամ որևէ միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում ստեղծվում են ոչ ֆորմալ խմբավորումներ, ապա նրանք հետագայում չեն հարատևում:
Գաղափարական տեսանկյունից նույնպես դեռևս հայեցակարգ չի մշակվել և չի ձևավորվել այնպիսի կոորդինացնող մարմին, որն իր շուրջը միավորեր այդ կազմակերպություններին: Չկա նրանց համագործակցության համատեղ մշակված ռազմավարություն, նրանք գործում են միմյանցից անկախ, ըստ իրենց ֆինանսական դրության և կազմակերչպական ունակությունների:
Որոնք են կանանց կազմակերպությունների արդյունավետ աշխատանքի և կանանց շարժման զարգացման երաշխիքները`մշտական ֆինանսական և բարոյական աջակցություն թե’ միջազգային կազմակերպությունների և դոնորների, թե’ պետության կողմից: Կանանց իրավունքներին նվիրված հետազոտությունների ընդլայնում, որոնք կնպաստեն արդյունավետ պետական քաղաքականությանը և այդ խնդրի ընդգրկմանը պետական բյուջեում: Կանանց կազմակերպությունների լիդերների ուսուցում, հատկապես այն հարցերի շրջանակներում, թե ինչպես ներկայացնել և առաջ մղել կանանց ՀԿ-ների շահերը իշխանության բոլոր մակարդակներում և միջազգային ատյաններում: Հայաստանի կանանց հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների առավել սերտ համագործակցության խթանում տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում: Կանանց կազմակերպությունների գործունեության կոորդինացում համատեղ ռազմավարությունների և գենդերային հավասարության լոբբինգի նոր մեթոդների մշակման նպատակով: Այսուհանդերձ, չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի կանանց կազմակերպությունները նշանակալի հաջողություններ ունեն: Քաղաքացիական հասարակության կայացման խնդրով զբաղվող փորձագետների շրջանում վաղուց ի վեր կասկած չի հարուցում այն տեսակետը, որ կանանց հասարակական կազմակերպությունները ժողովրդականություն են վայելում, շահել են հասարակության վստահությունը և ներկայացնում են երկրի հասարակական ոլորտի առավել ակտիվ գործող հատվածը: Համոզված եմ` հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը զարգացած ու ժողովրդավարական երկիր կդառնա, և կանանց իրավունքների թեման բնական հնչեղություն կունենա: Մենք երախտապարտ ենք Կանանց գլոբալ հիմնադրամին, որն աջակցում է կանանց հասարակական կազմակերպությունների, կանանց շարժման զարգացմանը` ուղղված կանանց դրության բարելավմանը և նրանց իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում:
Սուսաննա Վարդանյան, Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ
|