Ընտանեկան բռնության մասին
ՀՀ օրենքի նախագծի մշակում
Ներկայումս երկրում չկա ընտանեկան բռնության վերաբերյալ որևէ օրենք, որը կնպաստի խնդրի լուծմանը: Չկան վերապատրաստված մասնագետներ, ոստիկանության աշխատակիցներ կամ դատավորներ, ովքեր կնոջը որպես զոհ են տեսնում: Հաճախ նրանք կարծում են, որ կանայք իրենք են հրահրում բռնությունը: Միևնույն ժամանակ չկան համապատասխան իրավական մեխանիզմներ ընտանեկան բռնության ենթարկվածներին պաշտպանելու և մեղավորներին պատժելու համար: Դատարան դիմող կանանց մեծ մասը երբեմն ստիպված է լինում երկար սպասել մինչ իրենց հայցի քննարկումը: Շատ դատավորներ լավ իրազեկված չեն ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ և հաճախ չեն տարբերում այն բռնությունից:
Վերը նշվածը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ <<Ընտանեկան բռնության մասին>> ՀՀ օրենքի ընդունման ուղղությամբ տարբեր աշխատանքներ պետք է իրականացվեն: 2007թ.-ից կենտրոնը սկսեց զբաղվել <<Ընտանեկան բռնության մասին>> ՀՀ օրենքի նախագծի մշակմամբ, որը վերանայվեց միջազգային և տեղական փորձագետների կողմից և 2009թ.-ի սեպտեմբերին ներկայացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալ հարցերով զբաղվող նախարարություն հետագա շրջանառության համար: 2010թ.-ի նոյեմբերի 12-ին այն ներկայացվել է ՀՀ կառավարություն քննարկման համար: Օրենքի ընդունումը կնպաստի անհրաժեշտ իրավական գործողությունների և մեխանիզմների համապատասխան փաթեթի մշակմանը, այսպիսով` ավելի հեշտացնելով ընտանեկան բռնության դեպքերի ռազմավարական դատավարությունը: 2010թ.-ին ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել բռնության` հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար:
Համաձայն ՀՀ վարչապետի` 2010թ.-ի մարտի 30-ի N 213-Ա որոշման` Հայաստանում ստեղծվեց գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի ստեղծման նպատակն էր գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացումը, տեղեկատվության հավաքագրումը և փոխանակման մեխանիզմների, ինչպես նաև <<Ընդդեմ գենդերային բռնության>> ազգային ծրագրի մշակումը: Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը դարձավ քաղաքական կամքի դրսևորման քայլ, ինչը ցույց տվեց ՀՀ կառավարության` Հայաստանի Հանրապետությունում գենդերային բռնությանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը:
Ռազմավարական դատավարության զարգացում
Կանանց իրավունքների ոլորտում սոցիալական մեծ փոփոխումների և բարելավումների համար ԿԻԿ-ը մշակել է ռազմավարական դատավարություն, որի միջոցով փորձեր են արվում օգտագործել դատական համակարգը լայնածավալ սոցիալական փոփոխությունների հասնելու համար: Այս մեթոդը կիրառելիս օրենքը որպես գործիք է օգտագործվում կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության վերականգման համար:
Ռազմավարական դատավարության նպատակներն են` գտնել և լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք բնորոշ են ընտանեկան բռնության ենթարկված կանանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև այն խնդիրների, որոնք առնչվում են օրենքի դրույթի անհրաժեշտ և ճիշտ կիրառման հետ:
Կենտրոնը այս ծրագրի շրջանակներում տրամադրում է ոչ միայն իրավաբանական անվճար ծառայություն, այլ նաև տեխնիկական և այլ օժանդակություն` հրապարակայնություն, լուսաբանում և այլն: Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվել են ընտանեկան բռնության, կարող են դիմել կենտրոն ռազմավարական դատավարություն ծրագրի շրջանակներում իրենց դատական պաշտպանությունը կազմակերպելու համար:
<<Ընտանեկան բռնություն>> ձեռնարկի մշակում
Ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ համապատասխան մասնագետների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով կենտրոնը մշակել է ուսումնական ձեռնարկ ոստիկանների համար, որտեղ ներկայացված է ընտանեկան բռնության ընդհանուր բնութագիրը, բնորոշ գծերը, առանձնահատկությունները, տեսակները, պատճառները և հետևանքները, կանխարգելման մեթոդները, ինչպես նաև պարզաբանվում է ոստիկանության դերը և միջամտությունը նմանատիպ իրավիճակներում: Ձեռնարկը մասնավորապես նախատեսված է ՀՀ Ոստիկանության ակադեմիայի, ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնի ուսանողների և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների համար: Այն օգտակար է նաև իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրներով զբաղվող կառավարական և ոչ կառավարական կառույցների և մասնագետների համար:
Այս գործունեությունները իրականացվում են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի աջակցությամբ ( http://www.osi.am/ ):