Կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը լուրջ հիմնախնդիր է մեր հասարակության մեջ: Շատ դեպքերում այս խնդրի մասին լռում են, չեն ուսումնասիրում այն, սակայն մարդիկ հետզհետե ներգրավվում են այս հիմնախնդրի մեջ և փորձում են կանխել կանանց և երեխաների նկատմամբ բոլոր տեսակի բռնությունները: Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպում է հանդիպում-քննարկումներ, կոնֆերանսներ, սեմինարներ և անվճար ուսուցողական դասընթացներ` փորձելով կանխել ընտանեկան բռնությունը և իրազեկել այս հիմնախնդրի վերաբերյալ հասարակությանը: Այսպիսով, 2010թ. հունիսի 16-ին Կանանց իրավունքների կենտրոնը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպել էր ՙԸնտանեկան բռնության տարբերակումը և կանխումը՚ թեմայով ուսուցողական դասրնթաց ոստիկանության աշխատակիցների համար:Ոստիկանության աշխատակիցներին ներկայացվեց ընտանեկան բռնության հասկացությունը, բնորոշ գծերը, դրա հետևանքներն ու ազդեցությունը ինչպես տվյալ ընտանիքի, այնպես էլ հասարակության վրա, ինչպես նաև ընտանեկան բռնությունից տուժած կանանց հետ վարվելու կանոնները: Այնուհետև ոստիկանության աշխատակիցներն ակտիվորեն քննարկեցին ոստիկանության գործողությունները ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին օգնություն ցուցաբերելու ժամանակ, ինչպես նաև ոստիկանության այն գործառույթները, որոնք այս կամ այն կերպով առնչվում են ընտանեկան բռնության դեպքերին: Այնուհետև ուսումնասիրվեցին ընտանեկան բռնության կանխարգելման միջոցները Հայաստանում: Նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու և անցկացվելու են ՀՀ ողջ տարածքով:
<< հետ
|