Սույն թվականի ապրիլի 16-17-ին Gynuity Health Project-ը, համագործակցելով Կանանց իրավունքների կենտրոնի հետ, իրականացրել է երկու հանդիպում նվիրված հղիության դեղորայքային ընդհատմանը Հայաստանում:
Համապատասխանաբար, ապրիլի 16-ին Վրաստանից և Նյու Յորքից ժամանած ծրագրի պատասխանատու ներկայացուցիչները Գյումրիում իրականացրին փորձի փոխանակման հանդիպում, որին հաջորդեց Երևանում տեղի ունեցած կլոր սեղան հանդիպումը Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների մասնակցությամբ:
Իրականացված հանդիպումների նպատակն էր վերապատրաստել տեղական գինեկոլոգներին հղիության դեղորայքային ընդհատման բնագավառում` ներկայացնելով Երևանում, Գյումրիում և Վանաձորում իրականացված հետազոտությունների արդյունքները, Միֆեպրիստոն և Միզոպրոստոլ դեղորայքային ընդհատման գործողությունների մեխանիզմները, վերջինիս ցուցումներն ու հակացուցումները, ինչպես նաև դրա հետևանքներն իր դրական և բացասական կողմերով:
Մասնավորապես Գյումրիում իրականացված փորձի փոխանակման ընթացքում ներկայացված վիճակագրական տվյալների շնորհիվ պարզվեց, որ դեղորայքային աբորտը Գյումրիում իրականցվում է արդեն 1-1,5 տարի: Ըստ Ֆ.Գրիգորյանի զեկույցի` այս ժամանակահատվածում 5-10 շաբաթների ընթացքում դիտարկվել են ավելի քան 100 կին, որոնք դիմել են հղիության դեղորայքային ընդհատմանը: Համաձայն ներկայացված տվյալների` դրանցից 96-ի մոտ այն ընթացել է առանց որևէ բարդությունների: Ըստ Գյումրիի փորձագետ Գ.Գրիգորյանի և Վանաձորի փորձագետ Ա.Ավալյանի` սա վկայում է այն մասին, որ հղիության դեղորայքային ընդհատմանը դիմող կանանց թիվն աստիճանաբար ավելանում է, ինչը նպաստում է ընտանեկան պլանավորման զարգացմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական և սեռական առողջության պահպանմանը:
Երևանում իրականացված կլոր սեղան հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան պահպանման բաժնի գլխավոր մասնագետ, մանկաբարձ-գինեկոլոգ, դոցենտ Գ. Ավագյանն հանդես եկավ ՀՀ-ում հղիության ընդհատման մասին զեկույցով, իսկ վերջում բոլոր մասնակից մանկաբարձ գինեկոլոգներին շնորհվեցին մասնակցության վկայականներ:
Այսպիսով, իրականացված հանդիպումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ դեղորայքային աբորտը Հայաստանում անցանկալի հղիության արհեստական ընդհատման առավել անվտանգ, ինչպես նաև հղիության ընդհատման ծառայությունների մատչելիությունը բարձրացնող լավագույն միջոցն է հանդիսանում:
<< հետ
|